Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը NEWS.am-ին հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երեւան.

«Եվ՛ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»։

Սարդարյանն ասաց, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: