Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը «խորապես մտահոգված է» Չինաստանի արհեստական բանականության (ԱԲ) ծրագրով՝ ասելով, որ այն «չի սահմանափակվում օրենքի գերակայությամբ», հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԱԲ-ի ոլորտում Պեկինի հավակնությունները «կառուցված են մտավոր սեփականության եւ գաղտնի տվյալների հսկայական քանակի վրա, որոնք նրանք գողացել են տարիների ընթացքում»: Ռեյը կարծում է, որ եթե նրան չկանգնեցնեն, Չինաստանը կարող է օգտագործել արհեստական բանականության ձեռքբերումները՝ «հաքերային գործողությունները, մտավոր սեփականության գողությունը եւ այլախոհների ճնշումը երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս շարունակելու համար»: «Սա մի բան է, որը մեզ խորապես անհանգստացնում է։ Կարծում եմ՝ այստեղ բոլորը պետք է խորապես մտահոգված լինեն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած ֆորումում:

«ԱԲ-ն տեխնոլոգիայի դասական օրինակ է, որին ես ամեն անգամ նույն կերպ եմ արձագանքում: Մտածում եմ՝ Ուաու, մենք կարո՞ղ ենք սա անել։ Իսկ հետո մտածում եմ. «Աստված իմ, նրանք կարող են դա անել»:

Նման մտահոգություններ արդեն վաղուց են հնչում ԱՄՆ պաշտոնյաների կողմից։ Օրինակ՝ 2021 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի հակահետախուզության ներկայացուցիչները նախազգուշացրել են արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հավակնությունների մասին՝ ձեռնարկությունների ղեկավարներին, գիտնականներին եւ տեղական ու պետական պաշտոնյաներին առանցքային ոլորտներում չինական ներդրումների ռիսկերի կամ փորձի մասին տեղեկացնելու նոր ջանքերի շրջանակներում:

Այդ տարվա սկզբին արհեստական բանականության հարցերով հանձնաժողովը՝ Google-ի նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտի գլխավորությամբ, կոչ է արել ԱՄՆ-ին բարձրացնել արհեստական բանականության հմտությունները՝ Չինաստանին հակազդելու համար, այդ թվում՝ «ԱԲ»-ով զենք ստեղծելու միջոցով: