Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին հարցին:

«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում՚ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը.,-ասաց նա։

Դեսպանը հայտարարեց, որ Հայաստանն Իրանի համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է. «Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված։ Այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար»,-ընդգծեց դեսպանը։

Նա նաև ընդգծեց, որ, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար: