Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին

«Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվեն երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինը եւ բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-ասել է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են. «Հուսով եմ, որ այս համագործակցությունը որպես երկու հին ու դարավոր երկրներ ավելի կզարգանան։ Տարբեր ուղղություններով են աշխատանքներ տարվում, ճանապարհի հետ կապված, տնտեսական համագործակցություններ եւ այլն, որոնք իրենց ազդեցությունն ունենում են»,-ասաց դեսպանը։