Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում. Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահը Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել  է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը, Միրզոյանն ասել է. «Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, ով հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ, Արարատ Միրզոյանն ասաց. «Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը:

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է»։