First Trust Advisors-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Ուեսբերին սարսափելի նախազգուշացում է արել ԱՄՆ տնտեսության վերաբերյալ՝ նշելով, որ կառավարության արձագանքը COVID-ի համաճարակին երկիրը կանգնեցրել է «չափավոր» ռեցեսիայի եզրին, որը նման է 1990-ականների սկզբի տնտեսական անկմանը, հայտնում է News-ը։

«Կարծում եմ, որ COVID-19-ը եւ մեր արձագանքը համաճարակին համարժեք է ավտովթարի։ Ոտքը կոտրեցինք, շտապօգնությունը եկավ ու մորֆինով թմրեցրեց։ Փող տպելը, բոլոր վարկերն ու վճարումները մարդկանց ստիպում են չաշխատել... Պառկած եք եւ բժիշկը հարցնում է՝ «Ինչպե՞ս եք ձեզ զգում», որին դուք պատասպանում եք․ «Ես ինձ լավ եմ զգում», սակայն հենց մորֆինն սկսում է գործել, դադարում եք լավ զգալ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ 2023 թվականին «մորֆինի ակցիան ավարտվում է»։ «Ակնհայտ է, որ Fed-ը փոխում է ուղղությունը՝ դանդաղեցնելով փողի աճը եւ բարձրացնելով տոկոսադրույքները: Մենք այլեւս խրախուսական չեկեր չենք բաժանում, եւ կարծում եմ, որ մենք կվճարենք դրա համար: Սա այն անկումն է, որը մենք տեսնում ենք այս տարի։ Հիմա ոչ 2008 թվականն է, ոչ 1999-ից 2000 թվականը։ Մենք չունենք գերպարտք ունեցող բանկեր, սակայն կարծում եմ՝ ռեցեսիա է, ինչպես 1990-ից 1991 թվականներին։ Գործազրկությունը կարող է աճել մինչեւ 6%-ի կամ ընդհուպ 6,5%-ի: Դա կլինի չափավոր պատմականորեն միջին ռեցեսիա, եւ մենք կվճարենք համաճարակի քաղաքականության գինը, որը, իմ կարծիքով, սխալ էր ուղղորդված»: