Դեպի Արևմուտք վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ինչով է պայմանավորված Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Հայաստան։

«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում: Որոշումը՝ Հայաստանի անվտանգությունն ամեն գնով ապահովելու կարելի է ասել՝ կայացված է», - ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործելու է. «Ես կարող եմ ասել, որ օրինկ, այս վատ դեպքը բավականին ստվերեց բոլոր իրադարձությունները, որը մինչ այդ էին տեղի ունեցել: Օրինակ, մենք ունեցանք ԵԽԽՎ-ի շատ լավ զեկույց, որը բավակնին ծանրակշիռ ու կարեռւոր փաստաթուղ էր մեզ համար: Դա կարեւոր փաստաթուղթ էր նաեւ Լաչինի ու ԼՂ-ի հետ կապված: Կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված Հայաստանի կողմից: Մենք բոլոր միջազգային ֆորմատներում Լաչինի միջանցքի հարցը բարձրացնում ենք, դա իր ազդեցությունն ունենում է: Կարծում եմ՝ հետեւանքները մենք կտեսնենք նաեւ հողի վրա»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ են քննարկելու Տոյվո Կլաարի հետ, որը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցը լուրջ է ու անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել, այն դեպքում, երբ Երևանը հայտարարել էր, թե Բաքվի հետ այդ հարցով քննարկելու բան չունի։ «Քննարկելու ենք հայության վիճակն այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, ինչն ըստ էության տեղի չի ունենում։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ արդեն քննարկված և ստորագրված է։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,– ասաց ԱԺ նախագահը։