Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունում լուրջ կլանային հակասություններ կան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա պարզաբանեց, որ իշխանության ներսում կան ազդեցության տարբեր խմբեր, այդ թվում՝ անտեսանելի աշխարհաքաղաքական եւ օլիգարխիկ ուժեր, որոնք կիսելու բան ունեն կերակրատաշտի մոտ։

«Պայքարը սրվել է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական լծակների, միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար»,- հավելեց Հակոբյանը։

Փորձագետը կարծում է, որ անհիմն չէ պնդումը, որ Պապիկյանի եւ Փաշինյանի հարաբերությունները վատթարացել են։

«Պապիկյանն այժմ ոչ միայն պատմության նախկին ուսուցիչն է, այլեւ ունի հնարավորություններ, այդ թվում՝ ֆինանսատնտեսական, տիրապետում է  տեղեկատվության եւ հեռանկարների հույսեր ուներ, որոնց մասին հավանաբար գիտի նաեւ Փաշինյանը։  Փաշինյանը, միգուցե, կցանկանար թուլացնել Պապիկյանին, եւ տեղի ունեցած 15 ​​զինծառայողների մահով ողբերգությունը  թուլացնում է վերջինիս դիրքերը։

Իշխանական տարբեր մարմիններ հակասական հայտարարություններ են անում, թեեւ սովորաբար, անհրաժեշտության դեպքում, վերեւի հրահանգով ամբողջ իշխանամետ տեղեկատվական մեքենան նույնն է կրկնում»,- նշեց Հակոբյանը։