Այս իշխանությունները եկել են փոփոխություններ անելու դրոշով, եկել են իրական,  հաճախ նաև մտացածին խնդիրներ լուծելու, բայց ոչ միայն չեն լուծել այդ խնդիրները, այլև հակառակը՝ դրանք խորացրել են ու ստեղծել նոր խնդիրներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո»-ի  համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա հիշեցրեց, որ խնդիրների առկայությամբ հանդերձ Հայաստանը գործուն պետություն էր, որի մասն էր կազմում Արցախը, հիմա կիսակաթվածահար, քաոսի մեջ խեղդվող, անորոշության մեջ թաթախված տարածք է դարձել։

«Սրա համար մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, համար երկու մեղավորները՝ նրան սատարող մերձավոր շրջանակը։ Միայն իրենք են շահառու այն ամենի, ինչ հիմա կատարվում են։ Եկան թալանի դեմ պայքարի դրոշներով, բայց այնպես, ինչպես թալանվել է Հայաստանն այս չորս ու կես տարիներին, ոչ ոք չի թալանել։ Թալանել են մեր հողերը, մեր կառուցած զորամասերը, ՀԷԿ-երը, ճանապարհները, մեր անտառները։ Այդ անտառները մի ստորագրությամբ նվիրվեցին թշնամուն։ Շատերը հիմա վախենում են փոփոխությունից, քանի որ որպես պրոֆեսիոնալ շանտաժիստ ասում են՝ եթե մեզ ձեռք տաք, պատերազմ ենք սարքելու։ Մենք ասում ենք Արցախ, իրենք ասում են՝ կուզե՞ք, որ ձեր որդիներն Արցախի համար զոհվեն։ Անընդհատ շանտաժ է, բայց մեր որդիները, մենք բոլորս ենք դատապարտված զոհվելու, եթե այս մարդիկ մնան։ Ասում են՝ Գեղարքունիքում տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, բայց դա դժբախտ պատահար չէր այն առումով, որ սպասելի էր, նորանոր նման ողբերգություններ, ցավոք, սպասելի են»,-ասաց նա։

Վրթանեսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո պետք է շատ արագ վերականգնել բանակը։

«Պետության գլխավոր գործառույթը անվտանգության ապահովումն է։ Իսկ քաղաքական պատասխանատուները տապալել են անվտանգությունը: Եթե պետությունը չի ապահովում իր քաղաքացու անվտանգությունը, այդ պետության ղեկավարը մի վայրկյան իրավունք չունի մնալ իր պաշտոնում: Այսօր մեզ թալանում են, մեր երկրից մեզ զրկում են եւ պետք է այդ թալանը կանգնեցնել: Ես պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հրաժարականը»,-ասաց նա։