Վալերի Բրյուսովի անվան համալսարանում կառավարման ճգնաժամ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

Հունվարի 12–ին լրացել է բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը, իսկ մինչ այդ էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի 30–ին,  Հարությունյանն արձակուրդի էր մեկնել եւ ռեկտորի պարտականությունների կատարումը փոխանցվել էր համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։

Բրյուսովցիները հստակ չգիտեն՝ ով է կատարելու ռեկտորի պարտականությունները, քանի դեռ չի հաստատվել դեկտեմբերի 9–ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքները, որի ժամանակ ռեկտոր էր վերընտրվել Կարինե Հարությունյանը։  Բուհի ղեկավարությունը հունվարի 16–ին գրությամբ դիմել է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, պարզելու, թե ո՞վ է կատարելու ռեկտորի պարտականությունները եւ երբ է ձեւավորվելու բուհի հոգաբարձուների խորհուրդը, որը լուծարվել է 2022 թվականի դեկտեմբերի 30–ին, երբ խորհրդի քսան անդամներից տասը, որոնք նշանակվել էին ԿԳՄՍ նախարարության կողմից, խորհրդի կազմից դուրս գալու դիմում էին գրել, նախարարությունից, սակայն, դեռ չեն պատասխանել։

«Իրավաբաններն այս հարցում երկու մոտեցում են առանձնացնում. առաջինը՝ կապ չունի, որ Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները չեն հաստատվել, չկա որեւէ իրավական ակտ, որի համաձայն Հարությունյանը չի կարող շարունակել իր լիազորությունները, ինչը նշանակում է, որ նա իրավունքի ուժով կարող է շարունակել կատարել ռեկտորի պարտականությունները։ Եվ երկրորդ մոտեցման համաձայն՝ Հարությունյանի՝ արձակուրդ գնալու դեպքում ռեկտորի պարտականությունների կատարումը մնում է ինձ վրա։ Մի շաբաթ է՝ նախարարությունը մեզ չի պատասխանում, թե ստեղծված իրավիճակում ո՞վ է կատարելու ռեկտորի պարտականությունները, չգիտես՝ ինչ են մտածում, ինչ են հորինում, ինչ են ուզում գրել էդ պատասխանի մեջ։

Մենք պետք է իմանանք այդ հարցի պատասխանը, որ բուհի կառավարումը դրանից  չտուժի, իսկ հիմա կանգնել ենք պրոբլեմի առաջ, փոխարենը խնդիրն արագ լուծեն, մի շաբաթ է՝ պատասխան չեն տալիս։

Ի դեպ, մենք դիմել ենք նաեւ Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, Կառավարության աշխատակազմ, որ իրավական ձեւակերպումը տան, թե ով է կատարելու ռեկտորի պարտականությունները։ Որքանով տեղյակ եմ, բոլոր կառույցներն այդ գրություններն ուղարկել են ԿԳՄՍ–ին, որտեղից էլ պետք է այդ հարցին պատասխանեն»,– ասաց Ցոլակ Ակոպյանը։

Հոգաբարձուների խորհուրդը ըստ Ցոլակ Ակոպյանի՝ պետք է ձեւավորվի մինչեւ հունվարի 30–ը։ Համալսարանն արդեն խորհրդի անդամության 10 թեկնածու է առաջադրել, որոնք էլ ընտրվել են ԲՊՀ-ի գիտական խորհրդում եւ ներկայացվել լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարություն, իսկ լիազոր մարմինը դեռ չի նշանակել հոգաբարձուների խորհրդի մյուս տասը անդամներին։

«Ակնհայտ է, որ այս ճգնաժամը խորացնում է ԿԳՄՍ նախարարությունը, ամեն ինչ  անում են, որ համալսարանում լինի անկառավարելի վիճակ։ Նախարարությունն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում։ Օրինակ, ամսվա վերջին այս մարդիկ պետք է աշխատավարձ ստանան, հետաքրքիր է՝ ո՞վ է ստորագրելու այս փաստաթղթերը։ Այս պահի դրությամբ գնդակը ԿԳՄՍ–ի դաշտում է, ավելի վերեւ չեմ ուզում բարձրանանք, որովհետեւ ռեկտորի ընտրության արդյունքներն անհիմն պատճառաբանություններով անընդհատ հետ ուղարկողը ԿԳՄՍ–ն էր, հոգաբարձուների խորհրդի մյուս մասի նշանակման հարցը նույնպես իրենց տիրույթում է, բայց որեւէ քայլ չեն արել, հետեւաբար, կարող եմ ասել, որ  այս ճգնաժամը ստեղծվել է լիազոր մարմնի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման վերջնաժամկետը հունվարի 30–ն է, բայց տեսնելով նախարարության անգործությունը, մտավախություն ունենք, որ մեկ շաբաթ հետո էլ սրա մասին ենք բողոքելու, անգործության արդյունքում համալսարանի կառավարումը տանում են ճգնաժամի, բայց իրենք մոռանում են, որ բոլորը պատրաստ են պայքարի դուրս գալ։ Երանի են տալու հոկտեմբերին, երբ պրոֆեսորադասախոսական կազմն ու սովորողները դեմ էին արտահայտվել բուհերի խոշորացմանը, որը ենթադրում  էր բուհի լուծարում եւ միացում Մանկավարժական համալսարանին միանալ»,– ասաց համալսարանի պրոռեկտորը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախարարության խնդիրն է՝ կազմավորել բուհի հոգաբարձուների խորհուրդը, քանի որ նախկին խորհրդի գործունեության վերաբերյալ վստահության հարց կար։

«Սա նշանակում է, որ խորհուրդն իրենց համար ոչ ցանկալի ռեկտոր էր ընտրել, իրենք խոստովանում են, որ սա իրենց ուզածը չկատարելու հետեւանք էր»,–նկատեց Ցոլակ Ակոպյանը։

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել էր, որ կձեւավորվի հոգաբարձուների նոր խորհուրդ եւ կապահովվի բուհի բնականոն գործունեությունը։

«Դա կրթության ոլորտի լիազոր մարմնի գերխնդիրն է»,– ասել էր նախարարը։

Ցոլակ Ակոպյանի կարծիքով՝ ԿԳՄՍ անգործությունը պայմանավորված է ոչ թե ռեկտորի արդյունքները հաստատատելու հետ, որի արդյունքում Կարինե Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել որպես ռեկտոր, այլ  նախարարության նպատակը բուհերի խոշորացման ծրագիրը իրականացնելն է։

«Եթե երկու ամսվա ընթացքում բուհը չունենա հոգաբարձուների խորհուրդ, ապա Արդարադատության նախարարի հրամանով, ստեղծվում է երեք հոգանոց խորհուրդ, որի համաձայն՝ խորհուրդը կարող է դատական կարգով բուհը տանել լուծարման։ Իմ մտավախությունը դրա հետ կապված է։ Եթե հոգաբարձուների խորհուրդը չեն ձեւավորում, ապա ակնհայտ է, որ խնդիրը բուհն է, ոչ թե Կարինե Հարությունյանը։ Օրենքով, ի դեպ, իրավունք չունեն չձեւավորել հոգաբարձուների խորհուրդ, որովհետեւ հիմնադիրը պատասխանատու է բուհի գործունեության համար, այս հարցով էլ մենք հետագայում կարող ենք դիմել դատարան»,– ընդգծեց Ցոլակ Ակոպյանը։

Թե ո՞վ է կատարելու ռեկտորի պարտականությունները եւ ե՞րբ է լիազոր մարմինը նշանակելու խորհրդի մյուս անդամներին, որ ձեւավորվի համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, ԿԳՄՍ նախարարությունից առաջարկեցին հարցերն ուղարկել գրավոր։ Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Այս ընտրություններից երեք օր անց պաշտոնից ազատվեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որը Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Մամուլի տեղեկություններով, այս պաշտոնանկությունները կապված էին Բրյուսովում կայացած ընտրության արդյունքների հետ, ըստ այդ լուրերի՝ վարչապետ Փաշինյանը չէր ցանկացել, որ Կարինե Հարությունյանը վերընտրվի, իսկ այդ երկու պաշտոնյաները ռեկտորի ընտրության ժամանակ չեզոքություն են պահպանել եւ չեն միջամտել ընտրությունների ընթացքին։ Համբարձում Մաթեւոսյանը, որ ի պաշտոնե պետք է ստորագրեր հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշումն ու արձանագրությունները, չի արել դա։

Համալսարանը դեկտեմբերի 22–ին դիմել էր վարչապետին եւ ԿԳՄՍ նոր նախարարին՝ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։

Բրյուսովի անվան համալսարանն ի պատասխան՝ դատախազության հաղորդագրության, թե բուհի ռեկտորի ընտրության օրը տեղի ունեցած խուլիգանության եւ կեղծիքի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 26–ին, հրապարակել էր դեկտեմբերի 9–ին կայացած ռեկտորի ընտրության կադրերը՝  ցույց տալով, որ այդ օրը խուլիգանություն եւ կեղծիք չի եղել։ Բուհի ղեկավարությունը կարծում է, որ այս կերպ իշխանությունը փորձում է ռեկտորի ընտրությունների արդյունքների հաստատումը ձգձգել, կառավարման ճգնաժամ առաջացնել։