Ford-ը նախատեսում է ամբողջ Եվրոպայում կրճատել 3 200 աշխատատեղ եւ գործունեության մի մասը տեղափոխել Միացյալ Նահանգներ, հայտարարել է IG Metall գերմանական արհմիությունը՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել, որոնք կխափանեն ավտոարտադրողի աշխատանքը Եվրոպայում, եթե կրճատումները շարունակվեն, տեղեկացրել է Reuters-ը։

Ըստ IG Metall-ի՝ ընկերությունը ցանկանում է կրճատել 2 500 աշխատատեղ ապրանքների մշակման ոլորտում եւ 700 աշխատատեղ վարչական պաշտոնների շարքում, ընդ որում՝ ամենից շատ տուժելու են աշխատակիցները Գերմանիայում։

Ամերիկյան ավտոարտադրողի Քյոլնի գործարանի (որն ունի մոտ 14 000 աշխատող) աշխատակիցները, այդ թվում 3 800 մարդ Մերկենիչի կենտրոնում, արտադրական խորհրդի ժողովներում տեղեկացվել են այս պլանների մասին։

Ford-ի ներկայացուցիչը Գերմանիայում հրաժարվել է մեկնաբանություններից՝ վկայակոչելով ուրբաթ օրվա հայտարարությունն այն մասին, որ էլեկտրամեքենաների (EV) արտադրությանն անցնելը պահանջում է կառուցվածքային փոփոխություններ, եւ այլեւս չի խոսելու այնքան ժամանակ, մինչեւ որ պլանները չավարտվեն։

Միչիգանում ավտոարտադրողի կենտրոնատեղիի ներկայացուցիչն ասել է, որ բանակցությունները գերմանացի աշխատողների հետ շարունակվում են, եւ ընկերությունը պետք է «ավելի մրցունակ» լինի էլեկտամեքենաների արտադրության անցնելիս։

Անցած տարի Ford-ը հայտարարել էր 2 մլրդ դոլարի ներդրումների մասին Քյոլնի գործարանի արտադրությունն ընդլայնելու համար, որպեսզի ստեղծի էլեկտրական մոդել զանգվածային շուկայի համար։ Ներկայում գործարանն արտադրում է Ford Fiesta, ինչպես նաեւ շարժիչներ եւ տրանսմիսիաներ։