2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի։

Լուրեր-ը հաղորդել է, որ նրանցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսներինը՝ երկրից բացակայելու արգելքը։

«Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է»,- ասել է ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը։

Այվազյանը չի մանրամասնել մեղադրյալների մեղադրանքները, սակայն նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։

Ընդհանուր առմամբ հայկական ԶՈՒ-երի գործողությունների վերաբերյալ նախաձեռնվել է 22 վարույթ, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ՝ 24 վարույթ, որոնք քննվում են մեկ վարույթում։

«Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել եւ հարցաքննվել են 600-ից ավելի անձինք, այդ թվում՝ զոհվածների մերձավոր հարազատները։ Հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ»,- ասել է Պերճ Այվազյանը։