Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին:

Էմանուել Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքներին։

Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում:

Հիշեցնենք, որ  Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե նա ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։

Փաշինյանի աշխատակազմը հետեւյալ պարզաբանումն էր տարածել նրա մուտքն արգելելու հետ կապված․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»: