Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը պատրաստ է օգնել լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջեւ դրված խնդիրները։ Այս մասին քննարկվել է Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի աշխատանքային հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրադրության շուրջ։ Շեշտը դրվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության վրա։

Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից 2022 թվականին ընդունված որոշումների կատարմանը։