Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության երկարամյա համագործակցությունը:

Նախարարն ընդգծել է հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ այնպիսի նախաձեռնությունների կարևորությունը, ինչպիսին 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Հակակոռուպցիոն միջազգային համաժողովն է ու Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովը։

Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքներն ու շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության և Պարեկային ծառայության կայացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած ջանքերի համար:

Հանդիպմանը Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որի նպատակն է՝  դատական համակարգի անկախության, անկողմնակալության և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը, հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավումը, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավումը, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրումը և այլ քայլեր, որոնք էապես անհրաժեշտ են ՀՀ դատաիրավական համակարգի զարգացման համար:

Չիփ Լեյթինենը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու աջակցության պատրաստակամություն հայտնել:

Նախարարը բարձր է գնահատել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման գործընթացում ԱՄՆ ՄԶԳ ցուցաբերած մեծ աջակցությունը:

Արդարադատության նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կցուցաբերի աջակցություն՝ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտի դոնորների համակարգման և փորձագետների ընտրության հարցում:

Երկուստեք կարևորվել են 2022 թվականին ԱՄՆ-ում ստորագրված՝ արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագրերը, որոնք միտված են հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխմանը:

Կողմերը նաև համոզմունք են հայտնել համագործակցության շարունակականության համար և նախանշել երկուստեք կարևորություն ներկայացնող առաջնահերթությունները: