Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Վեսթմինսթերյան դահլիճում հունվարի 24-ին տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում հումանիտար իրավիճակի շուրջ քննարկում, որը վարել է խորհրդարանի անդամ Թիմ Լաֆթոնը։

Համայնքների պալատի ներկայացուցիչների զեկույցի համաձայն՝ շրջափակումը «մարդասիրական մտահոգություն է առաջացրել, քանի որ պարենամթերքն ու դեղորայքը չեն կարող հասցվել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը, որի թվաքանակը կազմում է շուրջ 120 000 մարդ»։

Նրանց խոսքով՝ ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ, մնացել են Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ տուն՝ Ղարաբաղ։

Հեղինակները հայտնում են, որ «ի լրումն Լաչինի միջանցքի շրջափակման՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը  դադարեցրել է նաեւ ԼՂ-ում գազամատակարարումը»։ Հաղորդվում է, որ վառելիքը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանել են գների հսկողություն եւ նորմավորում։