Եթե ես տեսնում եմ, որ այրված դիակներ կան, որքան էլ ես բազմափորձ լինեմ, չեմ կարող ասել մահվան պատճառը որն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան, նախկին դատախազ, Հովսեփ Սարգսյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե զորամասի կացարանում զինվորները զոհվել են ծխահարվելուց:

«Պետք է կատարվի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում հնարավոր կլինի ասել մահվան պատճառը: Միգուցե այլ բանից է մահացել: Հայտարարել, որ նրանց մահվան պատճառը ծխահարվելն է, դա պրոֆեսիոնալ չէ: Իսկ եթե պարզվի, որ չեն ծխահարվել, մինչ այդ մահացած են եղել, հասարակությանն ի՞նչ պատասխան պետք է տա այդ նույն բարձրաստիճան պաշտոնյան:  Եթե չես սպասում նախաքննության ավարտին, փորձաքննությունների արդյունքներին և արդեն մեղադրում ես որևէ մեկին, քննադատում ես, նշանակում է, որ չես ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե զորանոցներում եղել են կրակայրիչներ, դրանով պետք է վառեին վառարանը, փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ՝ վարչապետը չէր կարող իմանալ, որ այդ զորանոցում եղել է կրակայրիչ կամ չի եղել: Մենք չպետք է մտածենք, որ վարչապետի կամ նախարարի ասածը վերջնական է ու վերջ: Կհիմնավորեն պատշաճ դատավարական ընթացակարգով, ուրեմն դա է ճշմարտությունը, և մենք բոլորս պետք է հաշվի նստենք դրա հետ»:

Հովսեփ Սարգսյանը համաձայն չէ պնդումներին, թե տվյալ շինությունը չէր կարող ծառայել որպես զորանոց. «Ցանկացած շինություն կարող է զորանոց դառնալ: Զարմանալի չէ, որ ինչ-որ տուն դարձել է զորանոց: Սրան պետք է նորմալ վերաբերվել: Ինչ վերաբերում է ճաղավանդակներին, կարող են լինել ճաղավանդակներ, կարող են չլինել, դա կախված է նրանից, թե պաշտպանական առաջադրանքներն ինչպիսին են եղել զվյալ զորամասին տրված: Սրանք պետական կամ ծառայողական գաղտնիքների տակ տեղավորվող իրավիճակներ են, որին հասարակությունը չպետք է իրազեկված լինի: Հետևաբար, սրա մասին դատողություն անելը կամ խոսելը առնվազն անթույլատրելի է: Դրա համարքննությունը պետք է կատարվի գաղտնիության ռեժիմով, առավել ևս, որ կան զոհեր և այն վերաբերում է պաշտպանության բնագավառին:

Օրինակ, այնտեղ կարող է լինել գաղտնի հրամաններով կարգավորվող հարաբերություններ, ինչու պետք է հասարակությունը դա իմանա: Քանի որ սահմաններին հանգիստ չէ, ՊՆ-ն պարտավոր է ձեռնարկել համապատասխան պաշտպանական միջոցառումներ: Թե դրանք ինչպիսին պետք է լինեն, պաշտպանության նախարարը այս առումով հաշվետու չէ ոչ հասարակությանը, ոչ էլ որևէ մեկին: Այլ խնդիր է, որ պարզվի, որ այդ աշխատանքները կատարվել են ոչ հավուր պատշաճի, դրա արդյունքում լինեն ազատումներ, սա արդեն ուրիշ խնդիր է: Սա կլինի պատճառաբանված»: