2022 թվականին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը 256.2 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:  Այս մասին են վկայում բանկերի ֆինանսական հաշվետվությունները, գրում է «Հետքը»

Չնայած, որ այս պահին բանկերի թիվը 18 է, սակայն վերջին գրանցված բանկը՝ «Ֆասթ բանկը», որը նախկինում  «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունն էր, լիցենզիա է ստացել 2022-ի նոյեմբերին, հետևաբար՝ բանկի ցուցանիշները չենք հաշվարկել այս վերլուծության մեջ:

Շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է՝ 62 մլրդ դրամի շահույթով, որը 2021-ի համեմատ գրեթե հնգապատկվել է:

Հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ ավելի քան 44 մլրդ դրամով և կրկնակի աճով:

Երրորդ տեղում «Էվոկաբանկ»-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի շահույթով: Նշված բանկը շահույթի աճով ռեկորդակիրներից է: Նախորդող տարում ընդամենը 1.1 մլրդ դրամի շահույթ էր ստացել:

Միայն «ՎՏԲ Հայաստան բանկ»-ն է, որը տարին վնասով է փակել:

Դեռևս այս տարվա երկրորդ եռամսյակից հետո արդեն պարզ էր, որ հայաստանյան բանկերը 2022 թվականը ռեկորդային շահույթով են փակելու: Ինչպես Հայաստանում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, այնպես էլ բանկերի շահույթի ռեկորդային այս ցուցանիշը առաջին հերթին պայմանավորված է ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններով:

2022-ի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկան մեծ թվով ռուսաստանցիներ, որոնց մի մասը դեռևս մնում է այստեղ: Նրանք սկսեցին այստեղ գումարներ ծախսել, օգտվել ֆինանսական, սպասարկման, հանրային սննդի և այլ ծառայություններից, որի արդյունքում այս ոլորտներում գործող բիզնեսների շրջանառությունն ավելացավ:

Հատկապես բանկերի դեպքում դա ակնհայտ է: «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը ամեն եռամսյակ ամփոփել է բանկերի շահույթի տվյալները:

2022 թվականի ընթացքում հայաստանյան բանկերը նաև իրենց ծառայություններն են թանկացրել, մասնավորապես՝ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում, ինչը ևս լրացուցիչ եկամուտների աղբյուր է եղել նրանց համար: Ընդ որում՝ փոխանցումների միջնորդավճարների բարձրացումը բանկերում բացատրում էին այս ռիսկով, որ արևմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանցիները հայկական բանկերը կարող են օգտագործել փողերի լվացման համար: Սակայն, հատկանշական է, որ այս ծառայությունները ոչ միայն օտարերկրացիների համար են թանկացել, այլև՝ Հայաստանի քաղաքացիների:

Ֆինանսական համակարգը ծառայությունների ոլորտում ամենաբարձր աճ գրանցած ճյուղերից է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Ֆինանսական և ապահովագրական ոլորտում շրջանառությունը կազմել է 707 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49.8%-ով աճել է: