Ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է, ու եթե այնտեղ չհաղթեն, այսինքն այստեղից չօգնեն, նույն  վիճակն այստեղ է լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը  (Ագո)` անդրադառնալով Լաչինի միջանցքի ավելի քան 40 օր փակված լինելու հետեւանքով ստեղծված իրավիճակին:

«Նժդեհն ասել է, որ եթե ուզում ես հաղթանակես, քո հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցես, այսինքն դու հոգով, մտքով այդ ամե  ինչը պետք է պատկերացնես ու դա աշխատում է, բերում է այդ աստիճանի պատրաստության եւ այլն: Հիմա Արցախի ժողովուրդը պետք է դրան հասնի, իր հոգու մեջ հաղթանակի տաճարը կառուցի եւ առանց որեւէ մեկի հաղթելու են, դա մեկ: Բայց դա վերաբերում է նաեւ Հայաստանին, ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է, ու եթե այնտեղ չհաղթեն, այսինքն այստեղից չօգնեն, նույն  վիճակն այստեղ է լինելու: Ադրբեջանը էլի եմ ասում, ընդամենը գործիք է, Ադրբեջանը չի անում ու հաղթանակի մեր գրավականը դա է, մենք մեր հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցենք»,- ասաց նա:

Նրա խոսքով` սա շատ լավ շրջան է, որպեսզի հասկանանք, թե ով ով է, ու այս ընթացքում բացահայտվում են մարդիկ, որոնք երազում են Արցախից ազատվել ու լավ ապրել:

«Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը ոնց որ պետք է Արցախով չեն զբաղվում, նույնիսկ շեշտադրումներն են սխալ: Պայքարի շեշտադրումները պետք է ճիշտ դրվեն: Մենք որ Հայաստանի հետ միացած լինեինք, սա լիներ Հայաստան լրիվ, մենք այդտեղ որեւէ խնդիր չէինք ունենա, այդտեղ մեզ լավ խաբել են, հենց առաջինը Լեւոն Տեր- Պետրոսյանը, որ չընդունեց այդ գաղափարը իր թիմով: Իսկ ինչ է լինելու, մենք ի վերջո հաղթելու ենք, բայց եթե այսպես գնաց, դա Հայաստանի ապագան է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք բանակցությունների միջոցով կբացի Լաչինի միջանցքը, Կարապետյանն ասաց.  «Պարտված մարդը ի՞նչ պետք է բանակցի, եթե նրա հետ չեն ցանկանում բանակցել»: