Եթե ապրեինք օրինական երկրում, պատերազմ չէր լինի. այն, ինչ հիմա կատարվում է, անօրինականության շնորհիվ է: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՔԿ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գեւորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը:

«Էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա: Ամիսներ առաջ, որ ասում էինք՝ անօրինականությունը շարունակվում է. հղի կնոջը վրաերթի ենթարկեցին, Ապարանի դեպքերը, որ տղաներից մեկն ասաց՝ միայն վարչապետը կպարզի, հիմա թող ասի՝ օրինական ճանապարհով բացահայտվե՞լ է, 15 զոհերը, ես այս հարցը չեմ քաղաքականացնում, որ ասում էինք՝ զոհերի քանակը կշատանա, տեսաք, որ շատացավ: Ոչ սգո օր հայտարարեցին, ոչ զոհվածի տուն գնացին»,- ասաց զոհվածի հայրը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, թե ամեն օր էլ սգո օր է, զոհվածի ծնողն ասաց. «Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր էլ ուրախանալի օր է: Նա թող չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է»:

Պատերազմում զոհված մյուս զինծառայողի ծնողն անդրադառնալով նախորդ տարի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների կողմից բիրտ ուժով զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելուն՝ ասաց. «Մարդկանց հետ ո՞նց կարելի է էդպես վարվել, մանավանդ որդեկորույս ծնողների հետ: Քանի այս իշխանություններն են, ես ոչ մի սպասելիք չունեմ, որ կարող է՝ իրենց օրգաններին հանմապատասխան պատժի ներկայացնեն: Հիմնականում նրանց գործառույթը իշխանությանը պահելն է»:

Այն դիտարկմանը, որ ոստիկանների եւ ծնողների միջեւ 5 անգամ առերեսում է եղել, սակայն չի բացահայտվել, թե ով է բերման ենթարկելու հրամանը տվել, զոհվածի ծնողն արձագանքեց. «Այնտեղ չբացահայտվելու բան չկա: Նկարները կան, մարդիկ իրենց բերանով ասում են՝ արել ենք ու ներողություն են խնդրում, սակայն քրեական մարմինները պատասխանատվության չեն ենթարկում»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: