Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ զորամասերից մեկում բռնկված հրդեհին, որը խլել էր 15 զինծառայողի կյանքը:

«Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ դատախազությունն զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննության ավարտի կոնկրետ ժամկետներ կան. «Դրա մասին ես ձեզ պարբերաբար զեկուցում եմ, պարոն վարչապետ: Այս պահին նախաքննության շահից ելնելով ուղղակի չեմ բարձրաձայնի: Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական արգելքները՝ հասկանալու, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Բացի դրանից՝ զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում 2020 եւ 2022 պառզզմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում կենցաղավարման կանոնների, կեցավայրի կահավորման պայմանների հետ կապված, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք 2-րդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում ականատես եղանք»,-ասաց դատախազը՝ հավելելով, որ իրենք անընդհատ հանրությանը կներկայացնեն կատարվող քննության բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության ընթացքում չունենանք սեւ խոռոչներ, ասեկոսեներ, բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ»,-ասաց Վարդապետյանը: