Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որն Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ եղել է դեպքի վայրում գիշերը ժամը երեքից, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե ի վերջո, ինչ վիճակում են հայտնաբերվել զոհված 15 զինծառայողները։

«Ես, երբ այնտեղ էին, գործողություն էր կազմակերպվել զինվորներին հանելու համար։ Այլ բան չեմ կարող ասել։ Նախաքննության ավարտն ամեն ինչ ցույց կտա։ Այն, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ, իրականության չէ։ Ես անտեղյակ նկատի ունեմ, որ խոսեցնում են մարդկանց, որոնք տեղում չեն եղել, չեն տեսել ինչ է կատարվում, բայց վերլուծություններ են անում»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նաեւ գնահատական չտվեց կացարանի պայմանների վերաբերյալ, որտեղ իրենց ծառայությունն էին անցկացնում հրդեհի հետեւանքով զոհված եւ վիրավորած զինծառայողները։

«Ձեր հարցն ուղղեք Պաշտպանության նախարարությանը, ես իրավասու չեմ դրա մասին խոսելու։ Ես տեղյակ եղել եմ՝ որտեղ է նրանց կացարանները։ Իրենց տեղակայության մասով Պաշտպանության նախարարությունն ունեցել է իր գնահատականը, որ այդտեղ տեղակայել է։ Ես չէ, որ պետք է գնահատական տամ դրանց մասին»,- ասաց Կարեն Սարգսյանը։