ՄԻՊ-ի պաշտոնից երկու օր առաջ հրաժարական տված Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը, գրում է Armlur.am-ը:

Կայքը նաեւ գրում է. «Այստեղ ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին»:

Իսկ Պաշտպանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ասվում էր. « Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»:

Այսինքն, նա վարչապետին հաշվետու եւ ենթակա լինելն ավելի վեր դասեց անկախ պաշտոնյա լինելուց»:

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: