Երկրում պետք է լինեն ստանդարտներ, և դրանք պետք է գործեն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որ մենք ունենք:

Մենք խորը պրոբլեմ ունենք երկրում գծանշումների, ճանապարհների ու ճանապարհների սպասարկման հետ կապված։ Մենք ճանապարհներ ենք նորոգում առանց ենթակառուցվածքները պատշաճ նորոգելու։ Վերջերս եղա մի տեղում, տեսա մի ճանապարհ, որտեղ մենք մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել, այդ ճանապարհը հիմնանորոգել ենք, բայց ես տեսա, որ այդ ճանապարհը քանդած է։ Ինչու է քանդած՝ պարզվում է ջրի խողովակի վթար է եղել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այդ դեպքը եղել է Տավուշի մարզում, և նման իրավիճակները պետք է բացառել։

«Այս վերջերս մի ուրիշ ճանապարհի վրա՝ Գեղարքունիքի մարզում, մենք 40 տարի գոյություն չունեցող ճանապարհ ենք նորոգել, բարձր ստանդարտներով, բոլոր ճանապարհային նշաները տեղում էին, բոլոր գծանշումները տեղում էին, բայց տեսանք մի իրավիճակ, երբ տեղադրված աղբամանները դատարկ էին, բայց շուրջը այնքան աղբ կար, որ աղբահանությունից հետո մի հատ էլ պետք է նոր աղբահանություն իրականացնել»,- ընգծեց Փաշինյանը։