Բրիտանացին վիճակախաղով 613 000 դոլար է շահել՝ փոխելով աշխատանքային հերթափոխը, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը միշտ հավատացել է, որ մի օր իր բախտը կբերի։

65-ամյա Ջեֆ Էթերինգթոնն աշխատում է որպես մեքենաների մոնտաժող ավտոմոբիլային արդյունաբերությունում: Հունվարի կեսերին նա փոխել է հերթափոխը գործընկերոջ հետ, որպեսզի բժշկի մոտ գնա՝ ծնկահոդի փոխարինման համար: Հիվանդանոց գնալու ճանապարհին բրիտանացին գնացել է խանութ եւ վիճակախաղի տոմս գնել։

Պարզվել է, որ տոմսը շահել է եւ Ջեֆիին 613 000 դոլար է բերել։ Սակայն դա տղամարդու համար անակնկալ չի եղել. նա միշտ հավատացել է, որ մի օր կհարստանա։

«Այո, ինձնից պահանջվեց մոտ 28 տարի, բայց հիմա հավելյալ գումարով թոշակի եմ գնում»,- ասել է հաղթողը։

Տղամարդն ասել է, որ գումարի մի մասը կծախսի իր 60-ամյա հարսնացու Քիմ Ռիդի հետ հարսանիք կազմակերպելու վրա։