Անցյալ տարվա սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է համարվում կայունությունը Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ քաղաքացիական դիտորդները կնպաստեն դրան։ Այս մասին հունվարի 26-ին տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Երկխոսություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը։

Նա կոչ արեց այս հարցը չհակադրել գոյություն ունեցող ռուսական ջանքերին ու մեխանիզմներին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խելամիտ կլինի՝ համադրելու այս բոլոր հնարավորությունները, այլ ոչ թե հակադրելու։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ստատուս քվոն պահպանվում է, Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման միջնորդն էր, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեցին   չորս համատեղ հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման մեխանիզմ են ստեղծում։

Նավոյանը պարզաբանեց, որ Ռուսաստանում ռազմավարական ծրագիրը կայանում է խնդիրը սառեցնելու, անվտանգություն ապահովելու, տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու, սահմանազատում եւ սահամնագծում անցկացնելու, եւ այդ գործողություններով հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեդղծելու մեջ։

«Կարծում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական շրջանակներն ու քաղաքական ղեկավարությունը հասկանում են Հայաստանը աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ դարձնելու վտանգը։ Ներկայիս ստատուս քվոյի պայմաններում եվրոպական կամ ամերիկյան բոլոր նախաձեռնությունները կարող են միայն լրացուցիչ բնույթ ունենալ»,- եզրափակեց նա։