Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելից հին ամերիկյան զենիթային Hawk հրթիռներ է խնդրել, որպեսզի դրանք տա Ուկրաինային, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաներին:

Մինչ այժմ Իսրայելը մերժում էր Ուկրաինային առաջադեմ եւ պաշտպանական սպառազինություն տրամադրելու ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի խնդրանքները՝ մտավախություն ունենալով, որ նման քայլը կարող է լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ վնասել Իսրայելի անվտանգային շահերին Սիրիայում:

Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի Սիրիայում, սակայն Իսրայելին թույլ է տալիս ազատ գործել այնտեղ՝ ընդդեմ Իրանի գործունեության։

Իսրայելը 1960-ականներին է ձեռք բերել Hawk համակարգը ԱՄՆ-ից՝ Եգիպտոսի եւ Սիրիայի ավիահարվածներից պաշտպանվելու համար:

Այն ժամանակ Raytheon-ի հակաօդային համակարգը համարվում էր ժամանակակից տեխնոլոգիա: Սակայն վերջին տարիներին Իսրայելը առաջնահերթությունը տվել է այլ համակարգերին, այդ թվում՝ ԱՄՆ Patriot-ին եւ սեփական «Երկաթե գմբեթ» ու «Նետ» պաշտպանական համակարգերին:

Տասը տարի առաջ իսրայելցի զինվորականները սպառազինությունից հանել են Hawk համակարգը: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ Իսրայելում պահվում են Hawk-ի մոտ 10 մարտկոցներ եւ հարյուրավոր որսիչներ:

Իսրայելի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Պենտագոնը երկու շաբաթ առաջ կապ է հաստատել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ եւ խնդրել է պահեստում գտնվող Hawk համակարգերը փոխանցել Ուկրաինային:

ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ նմանատիպ հարցումներ են արվել մի քանի այլ երկրներին, որտեղ համակարգը գործում կամ պահվում է:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն իր ամերիկացի գործընկերներին ասել է, որ Ուկրաինային զենքի համակարգեր չմատակարարելու Իսրայելի քաղաքականությունը չի փոխվել։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ իսրայելական Hawk համակարգերը «հնացել են» եւ չեն կարող գործել, քանի որ երկար ժամանակ պահեստում են եղել առանց սպասարկման:

Սակայն իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ պատասխանը ճշգրիտ չէ: Նրանք շեշտել են, որ թեեւ արձակման կայանները կարող են ամբողջովին խափանված լինել, Իսրայելում գտնվող հարյուրավոր Hawk որսիչները կարող են վերանորոգվել եւ օգտագործվել:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Axios-ին հաստատել է, որ «իսրայելական անվտանգության կառույցի դիրքորոշումը [Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ] չի փոխվել։ Յուրաքանչյուր հարցում դիտարկվում է անհատական կարգով:

Այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ելույթ է ունեցել Վաշինգտոնում AIPAC-ի ղեկավարության համաժողովում, որտեղ ակնարկել է Hawk հրթիռների վերաբերյալ ԱՄՆ-ի հայցի մասին: Բայց նրա խոսքերը գրեթե աննկատ են մնացել։

Իր ելույթում Օսթինը հիշատակել է, թե ինչպես են Hawk համակարգերն օգնել Իսրայելին պաշտպանվել 1967 թվականի Վեցօրյա պատերազմում եւ 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմում, որը նաեւ հայտնի է որպես Հոկտեմբերյան պատերազմ: «Այժմ Hawk-ն այլեւս ամենաժամանակակից տեխնոլոգիա չէ: Բայց դրանք դեռ կարող են օգնել պաշարված ժողովրդավարությանը պաշտպանել իրեն»,- ասել է Օսթինը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է իր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Ուկրաինային Hawk-ի հնարավորություններ տրամադրելու համար։