Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական կարիքի հիման վրա վերապատրաստում իրականացնելու մասին կարգավորումներ:

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է ուսուցչի վերապատրաստումներն իրականացնել առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքից ելնելով՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործում: Սա նշանակում է, որ ուսումնական տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ տարում այլ կարիք է արձանագրվել, որից ելնելով տվյալ կարիքին համապատասխան վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն:

Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան: