Եգիպտոսի բարձրագույն կրոնական հաստատությունն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել բոյկոտել շվեդական եւ հոլանդական ապրանքները՝ երկու եվրոպական երկրներում ծայրահեղ աջ ակտիվիստների կողմից իսլամի սուրբ գիրքը պղծելու պատճառով, հայտնում է AP-ն։

Սուննի մահմեդական աշխարհի առաջատար կրոնական հաստատության՝ եգիպտական «Ալ-Ազհար» կազմակերպության կոչը վերջինն է մահմեդական աշխարհի բացասական արձագանքների շարքից Շվեդիայում եւ Նիդեռլանդներում տեղի ունեցած միջադեպերին:

Շաբաթ օրը դանիացի հակաիսլամիստ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է Ղուրանը։ Կիրակի օրը ծայրահեղ աջ «Պեգիդա» շարժման հոլանդացի առաջնորդ Էդվին Վագենսվելդը Հաագայում Նիդեռլանդների խորհրդարանի մոտ պատռել է Ղուրանի էջերը եւ տրորել դրանք:

Եգիպտական «Ալ-Ազհար» թերթը պղծումն անվանել է «վիրավորանք» մուսուլմաններին եւ ասել, որ երկու երկրների բոյկոտը պատշաճ պատասխան կլինի այն կառավարություններին, որոնք պաշտպանում են «բարբարոսական հանցագործությունները անմարդկային եւ անբարոյական կարգախոսի ներքո, որոնք նրանք անվանում են խոսքի ազատություն»:

Երեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքում տեղի ունեցած պղծման դեմ։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Թուրքիայի երկու խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում եւ Անկարայում։

Ստոկհոլմում տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիային ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր շարունակական փորձերում ՆԱՏՕ-ի աջակցությունը չակնկալի: