Ադրբեջանը վաղ թե ուշ կբացի Լաչինի միջանցքը՝ ԼՂՀ հայերին տանջելուց հետո, բայց պարբերաբար կբացի ու փակի միջանցքը, որպեսզի հայերի մի զգալի մասը հեռանա, զգալի մասը, բայց ոչ բոլորը, մինչև միջանցք ստանա դեպի Նախիջևան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այն բանից հետո, երբ Պրահայում հայտարարեցին, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չնշելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ադրբեջանը, Արցախն իրենը համարելով, որոշեց սադրանքի դիմել։ Խաղաղապահները մնացին դժգոհ՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մատնանշելով Արցախի չկարգավորված կարգավիճակը, այն, որ իրենք վերահսկողության տակ են պահում Լաչինի միջանցքը՝ այդ իրավունքը երկարացնելու առաջարկով։

Չորս տարի հետո մենք կտեսնենք և առանց հայերի Արցախ, և Սյունիքով միջանցք։ Հենց որ Սյունիքով միջանցք ստանա, Բաքուն ամբողջ աշխարհի աչքի առաջ կոչնչացնի Արցախը, ու ոչ ոք ոչ մի բառ չի ասի։ Եթե ուզում ենք Սյունիքը պահել, պետք է Արցախը պահենք»,- ասաց Բագրատյանը։

Նա հայտնեց, որ Ջերմուկում և Կապանում ամենուր տներ են վաճառվում, իսկ 4 ամիս առաջ այդպես չէր, այսինքն՝ Սյունիքից հայերին վտարելու խնդիր կա։ Նախկին վարչապետը հիշեցրեց, որ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ցանկությունը նորություն չէ։ «Ընդ որում, Արևմուտքը դեմ չի արտահայտվել Սյունիքով միջանցքին։ Հենց ռուսներն են հայտարարել, որ ճանապարհը պետք է ունենա այնպիսի կարգավիճակ, որը չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Երեւանի իշխանությունները, այս փաստարկն օգտագործելու փոխարեն, սկսեցին մեղադրել ռուսներին՝ Գյումրիի բազային։ Քանի դեռ կա ռուսական գործոն, Փաշինյանի համար կա Սյունիքի խնդիր։ Կա վկա, որը մատնացույց կանի Նիկոլի դավաճանությունը։ Ուստի Փաշինյանը, սրանից ազատվելով, իր իշխանությունը հավերժացնելու է այն բանի գնով, որ ժողովուրդը կարող է քոչվոր դառնալ»,- ընդգծեց Բագրատյանը։