Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ Չինաստանի վերելքը «հսկայական հաղթանակ է աշխարհի համար»: Այս մասին Գեյթսն ասել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Lowy Institue վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։

«Ես հակված եմ Չինաստանի վերելքը որպես հսկայական հաղթանակ դիտարկել աշխարհի համար»,- ասել է Գեյթսը: «Նկատի ունեմ, որ դա մարդկության 20%-ն է: Այսօր նրանք համապատասխանում են համաշխարհային տնտեսության մեջ իրենց մասնաբաժնին, իսկ աշխարհի բնակչության մեջ նրանց մասնաբաժինը ճիշտ համապատասխանում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ավստրալիան, ԱՄՆ-ը, մեր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հինգ անգամ ավելի է, քան չինացիներինը... Այնպես որ, մենք անհամաչափ տեսակարար կշիռ ունենք համաշխարհային տնտեսության մեջ»։

«Գիտեք, ես իսկապես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ներկայիս մտածելակերպը Չինաստանի նկատմամբ, որը փոխադարձ է, մի տեսակ պարտվողական մտածելակերպ է, եւ եթե հարցնեք ԱՄՆ քաղաքական գործիչներին, թե կուզեն արդյոք նրանք չինական տնտեսությունը 20%-ով կրճատվի թե 20%-ով աճի»,վախենում եմ, որ նրանք կասեն «այո, եկեք սնանկացնենք այս մարդկանց»՝ չհասկանալով, որ համաշխարհային տնտեսության, քաղցկեղի դեմ դեղամիջոցներ հորինելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար մենք պետք է համախմբվենք»,- Գեյթսին մեջբերում է Fox News-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ քաղաքականապես թուլացած է, Չինաստանի նման երկրները պետք է ավելի կարեւոր դեր խաղան համաշխարհային կառավարման մեջ։ «Ես կասեի, որ ԱՄՆ-ն այսօր քաղաքականապես ավելի թույլ է, քան նախկինում, եւ գիտեք, որ դա վախեցնում է աշխարհին։ Ներկայիս համաշխարհային համակարգը կառուցված է ԱՄՆ-ի առաջնորդության շուրջը,- ասել է Գեյթսը,- Քանի որ մյուս երկրները հարստացել են, միջին մակարդակի եկամուտ ունեցող այս երկրները, ներառյալ Չինաստանը եւ Հնդկաստանը, պետք է ավելի մեծ դեր խաղան համաշխարհային կառավարման մեջ»: