Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Կողմերը կարեւորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը եւ Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը: