Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բարզանիի գրասենյակի հաղորդագրության համաձայն, երկու ղեկավարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, այդ թվում՝ Էրբիլի ու Բաղդադի հարաբերությունները եւ «երկու կողմերի միջեւ առկա խնդիրները լուծելու համար շարունակվող բանակցությունները», հաղորդում է Rudaw-ը:

«Երկու կողմերն ընդգծել են Քրդստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում զարգացնելու, ինչպես նաեւ Իրաքի եւ Քրդստանի համատեղ գործընկերությունը Թուրքիայի հետ էներգետիկայի ոլորտում ընդլայնելու համար առկա հնարավորությունները օգտագործելու փոխադարձ պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու նախագահները նաեւ «ուշադրությունը կենտրոնացրել են Թուրքիայի հետ Իրաքի եւ Քրդստանի միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորության վրա՝ սահմանային անվտանգությունը պաշտպանելու համար՝ հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարի վերջին զարգացումները եւ Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի սպառնալիքը, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակը»։

Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի նախագահական համալիրում՝ չհստակեցնելով, թե ինչ է քննարկվել։

Բարզանին եւ Էրդողանը վերջին անգամ հանդիպել են 2022 թվականի մարտին։ Էրդողանն այն ժամանակ լրագրողներին ասել էր, որ իր երկիրը փոխշահավետ գործարք է փնտրում Իրաքից բնական գազի արտահանման համար՝ հավելելով, որ Բարզանին խոստացել է նպաստել բանակցություններին: