Բանակային կյանքը շատ համեստ է։ Շատ բաներից պետք է հրաժարվել, քանի որ բանակում ծառայելը կոչում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ զինծառայողները ծառայում են իրենց երկրին, եւ այդ կապակցությամբ նրանք հաճախ ստիպված են լինում այս կամ այն զոհողության գնալ։   

«Նրանք պետք է պատրաստ լինեն զոհաբերել շատ բաներ՝ սկսած ֆինանսներից, վերջացրած կյանքով։ Իսկ պաշտպանության նախարարը՝ հակառակ այդ ապրելակերպին, լինելով կառավարության եւ քաղաքական էլիտայի մաս, որպես կանոն բավականին շքեղ կենսակերպ է վարում եւ չպետք է հետ մնա մյուս նախարարներից, պաշտոնյաներից եւ օլիգարխներից։ Գաղտնիք չէ, որ մեր իշխանությունը կազմված է նաեւ օլիգարխներից։ Հիմա պատկերացրեք, որ բանակը, որտեղ տիրում են եւ պետք է տիրեն որոշակի արժեքներ, ղեկավարում են բոլորովին հակառակ արժեքային համակարգ ունեցող մարդիկ։ Կրկին սա չի վերաբերում առանձին անհատներին․․․Սկզբունքները կարեւոր են ինձ համար: Նման մեխանիզմը կաշխատի միայն ի վնաս բանակի»,-նշեց Աթանեսյանը։

Փորձագետի կարծիքով՝ շատ բան պետք է փոխել։

«Առավել եւս, որ մենք պատերազմող երկիր ենք, եւ դա պետք է հաշվի առնել։ Մենք պետք է բանակը կառավարենք ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական օրենքներով»,-եզրափակեց քաղաքագետը։