ԵԽԽՎ-ում Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների շուրջ բանավեճեր են տեղի ունեցել, ադրբեջանական պատվիրակությունն աղմուկ է բարձրացրել։

«Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչների տառապանքներն ավելի մեծ ուշադրության են արժանի, բայց նրանք նաեւ մարդու իրենց հիմնական իրավունքների նկատմամբ հարգանքի են արժանի։ Սա տարածքային ամբողջականության խնդիր չէ, սա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիր չէ, սա մարդու իրավունքների հարց է»,- ասել է շվեդ պատվիրակ Բորիանա Աբերգը՝ հիշեցնելով, որ շրջափակման արդյունքում Ադրբեջանը դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, եւ նաեւ էլեկտրաէներգիայի եւ ինտերնետի հետ կապված խնդիրներ են ծագել: «Ղարաբաղում մարդիկ սառչում են եւ քաղցած են մնում մթության մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը անտեսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու միջազգային հանրության կոչերը։

Ֆրանսիացի պատգամավոր Բերտրան Բուիսը նշել է այդ բանավեճերի վճռական նշանակությունը։

«Լաչինի միջանցքը փրկօղակ է Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ»,- ասել է նա՝ նշելով, որ եվրոպական մայրցամաքը մի համայնք է, որը հարգում է մարդու իրավունքները, եւ կոչ անելով անհապաղ ապաշրջափակել միջանցքը։

Բրիտանացի խորհրդարանական Ջիլ Մորտիմերը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են խաղաղ ապրել որպես հարեւաններ, պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն։ «Ես կոչ եմ անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին փոխգործակցել ԵԱՀԿ ջանքերի հետ՝ խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։ Հիմա մենք դանդաղ գնում ենք դեպի հումանիտար աղետ, որը պետք է կանխենք։ Ինչպիսին էլ որ լինեն նրանց դրդապատճառները, ցուցարարները, որոնք արգելափակում են մարդասիրական միջանցքը, ավելի են խորացնում աճող ճգնաժամը: Կոչ եմ անում բոլոր կողմերին, որոնք ստորագրել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հաստատել, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով։ Սա է բանալին, միջազգային կարգի վրա հիմնված իրավիճակի կարգավորման բանալին։ Պետք է կանգնեցնել դեպի քաոս սահելը։ Ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին փրկել այս մարդկանց ապագա աղետից… Առաջին քայլը Լաչինի միջանցքի բացումն է»,- ասել է նա։

«Երբ խոսքը վերաբերում է հումանիտար խնդիրներին, մենք պետք է կոշտ լինենք: Այս տագնապալի իրավիճակը կարող է սպառնալիքի տակ դնել փխրուն խաղաղ գործընթացը։ Սա աղետալի հետեւանքներ ունի ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի համար։

Ի վերջո, մենք բոլորս արժանի ենք ավելի լավ ապագայի Եվրոպայում: Կենդանի մարդիկ սոված են ու սառչում են, սա ցեղասպանության ակտ է։ Բոլորն արժանի են ապրելու եւ պաշտպանելու իրենց հիմնարար իրավունքները»,- ասել է Կիպրոսի ներկայացուցիչ Կոնստանտինոս Էֆստատիուն։

Ֆինլանդիայի պատգամավոր Կիմմո Կիլյունենի խոսքով, ակնհայտ է, որ լուրջ հումանիտար ճգնաժամն է։

«Ցավոք, այս իրավիճակում կողմերի դիրքորոշումները բոլորովին տարբեր են։ Լսում ենք, որ Լաչինի միջանցքը փակ է, ոչ մի տրանսպորտ չի կարող անցնել, Ղարաբաղը մեկուսացված է, գազատարն ու էլեկտրահաղորդման գծերը կտրված են։ Սա մեծ խնդիր է։ Մյուս կողմն ասում է, որ իրականում վերահսկում է պատերազմի մեքենան, ուստի խնդիր չկա, սա նրանց փաստարկն է: Առաջացել է խառնաշփոթ, մենք պետք է հետեւենք իրավիճակին։ Մենք պատրաստ ենք դա անել։ Մենք պատրաստ ենք գնալ տարածաշրջան եւ հնարավորինս գնահատել իրավիճակը»,- ասել է նա։

Թուրքիայի ներկայացուցիչ Զեքի Հաքան Սիդալին, իհարկե, շտապել է պաշտպանել ադրբեջանցի «եղբայրներին»։ «Ադրբեջանի պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում սննդամթերքի հասանելիության խնդիր չկա, կա կառավարման խնդիր»,- ասել է նա՝ կոչ անելով գործընկերներին «գործել փաստերի, այլ ոչ հույզերի հիման վրա»։

Ադրբեջանցի պատգամավոր Քամալ Ջաֆարովը, հանդես գալով Բաքվի լավագույն ավանդույթներով, գերադասել է ջայլամի դիրքը՝ գլուխը ավազի մեջ թաղված՝ ասելով, որ «որեւէ շրջափակում չկա», իսկ եթե կա, դա «տեղեկատվական շրջափակում» է։ Նա նաեւ մեղադրանքներ է հնչեցրել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ ասելով, որ դա «նրա պլանն է»։ «Նրան Մոսկվայից են ուղարկել բաց եւ հստակ մտադրությամբ՝ խաղաղ գործընթացին վնասելու, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու եւ Հայաստանի վարչապետ դառնալու համար»,- իր ֆանտազիաներով է կիսվել ադրբեջանցի քաղաքական գործիչը։

Պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի հարձակումներին՝ Հայաստանի պատվիրակ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է․ «Ենթադրենք, թե դա այդ ամենըչար հայկական դավադրություն է, համաշխարհային դավադրություն, որն ինչ-որ կերպ համոզել է ամբողջ աշխարհին, ամերիկացիներին, ռուսներին, եվրոպացիներին, իրանցիներին, ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, որ կա շրջափակում, որն իրականում չկա։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այս կազմակերպությունը՝ ԵԽԽՎ-ն, պետք է անհապաղ փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, քանի որ դա միակ ճանապարհն է մեր ադրբեջանցի գործընկերների համար՝ ապացուցելու, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում։ Եվ երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ ինձ, իմ հայ գործընկերներին եւ այստեղի մնացած բոլոր գործընկերներին, որոնք հայ չեն։ Եթե մեր ադրբեջանցի գործընկերները համաձայն չեն սրան, ապա դա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպան մտադրություններ, նրանք մտադիր են մաքրել Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից, եւ սա նշանակում է, որ ԵԽԽՎ-ն պետք է համապատասխան կերպով գործի եւ միջոցներ ձեռնարկի դա կանխելու համար»։

Ադրբեջանական պատվիրակությունը չի կարողացել դիմանալ սկանդալ սարքելու գայթակղությանը։ Պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովը կազմակերպությանը մեղադրել է կողմնակալության մեջ, քանի որ նրա ելույթի համար ժամանակը չի բավականացրել։ Սաիդովը, ցատկելով տեղից, ասել է, որ դիտողություն ունի նիստի անցկացման վերաբերյալ։ «Այս կարեւոր քննարկման ժամանակ դուք չկարողացաք ժամանակ տրամադրել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի ելույթի համար»,- վրդովվել է նա՝ հավելելով, որ «սա կողմնակալ վերաբերմունք է»։ Չնայած նրան հանգստացնելու ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի փորձերին՝ Սաիդովը շարունակել է բղավել, որ հայերը կարողացել են ելույթ ունենալ, իսկ ինքը՝ ոչ, թեեւ մինչ այդ ադրբեջանական պատվիրակության մեկ անդամ չէ, որ խոսել է։ Արդյունքում նրա խոսափողն անջատել են, իսկ նիստը նախագահողը զգուշացրել է, որ հաջորդ անգամ չի հանդուրժի նիստի կարգի խախտում նրա կողմից։ «Բոլորին զգուշացրել եմ, որ ելույթների ժամանակը սահմանափակ է։ Ես բավականին լուրջ եմ ասում, պարոն Սաիդով, քանի որ դուք փորձառու պատվիրակ եք։ Մենք այդպես չենք աշխատում»,- նշել է նա։

Ի դեպ, բացի Սաիդովից, ելույթ չեն ունեցել եւս 8 պատվիրակներ, որոնք եղել են բանախոսների ցուցակում։