Եվրոպական միությունը նախատեսում է սահմանափակել ռուսական դիզվառելիքի գները՝ մեկ բարելը 100 դոլարի մակարդակում, մակարդակ, որը կարող է օգնել կանխելու վառելիքի ներուծման արգելքի ամենածանր հետեւանքները, արգելք, որը ԵՄ-ը դնելու է Մոսկվայի վրա 10 օրից, տեղեկացրել է Bloomberg-ը։

Եվրահանձնաժողովը դիտարկում է սահմանափակման մակարդակներն այն բանից հետո, երբ «Մեծ յոթնյակի» երկրներն առաջարկել էին գնային շեմ՝ մասամբ հիմնված ռուսական հում նավթի գոյություն ունեցող սահմանափակման վրա։ Սպասվում է, որ շեմային մեծությունները կկիրառվեն փետրվարի 5-ից, երբ ԵՄ-ն արգելի ռուսական զտված նավթամթերքների գրեթե ամբողջ ներմուծումը։

ԵՄ-ն եւ «Մեծ յոթնյակը» ցանկանում են սահմանափակել երրորդ երկրներ ռուսական արտահանումը, որոնց ընկերությունները կկարողանան օգտվել կարեւոր արեւմտյան ծառայություններից միայն այն դեպքում, եթե համաձայնեն հետեւել պատժամիջոցներին։ Հարցին ծանոթ մարդկանց խոսքով՝ մեկ բարելը 100 դոլար սահմանափակումը կկիրառվի այնպիսի ապրանքների հանդեպ, ինչպիսին է դիզելային վառելիքը։ Նրանց խոսքով՝ զեղչով ապրանքների համար, ինչպիսին է մազութը, կսահմանվի ավելի ցածր շեմ՝ 45 դոլար։ Թվերը դեռ կարող են փոխվել անդամ պետությունների միջեւ բանակցությունների ընթացքում։

Բանակցությունները պետք է հավասարակշռեն երկու մրցակցող նպատակ. Ռուսաստանի եկամուտների սահմանափակում եւ գների թռիչքի կամ համաշխարհային շուկայում կարեւոր ապրանքների անբավարարության կանխում։ ԵՄ-ը պետք է միաձայն համաձայնեցնի շեմային գների մակարդակները, որոնց հետո պետք է հավանություն տա G7-ը։

ԵՄ-ի դիվանագետները կսկսեն պաշտոնապես քննել գների մակարդակներն ուրբաթ օրը, եւ սպասվում է, որ թեժ բանակցությունները կշարունակվեն հաջորդ մի քանի օրերին, ընդ որում՝ երկրների խումբը ձգտում է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել նավթի արտահանումից ստացվող Ռուսաստանի եկամուտների հանդեպ եւ խստացնել Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները։

Եվրոպացի պաշտոնյաները հատկապես անհանգստացած են դիզելային վառելիքի անբավարարությունից, իսկ գների սահմանափակումն ուղղված է այն բանին, որպեսզի ռուսական արտահանումը նախկինի պես կարելի լինի աշխարհի այլ մասերում՝ դրանով իսկ պահպանելով համաշխարհային մատակարարումների հավասարակշռությունը։

Շարունակվում է անորոշությունն այն հարցում, թե արդյոք այլ տարածաշրջանները կլցնեն դատարկությունը, երբ ուժի մեջ մտնի արգելքը Եվրոպայում, բայց Ռուսաստանի համար ընդունելի սահմանափակումները պետք է օգնեն պահպանել առեւտուրը։

«Մենք սպասում ենք, որ դա զգալի չափով չի ազդի ռուսական նավթի մատակարարումների վրա,- ասել է Wood Mackenzie Ltd-ի վերամշակումների, քիմիկատների եւ նավթային շուկաների գծով փոխնախագահ Ալամ Գելդերը։- Հոսքերը հիմնականում կշարունակվեն, եւ դա կկրճատի Ռուսաստանի եկամուտները»։