ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը քննարկում են օգտակար հանածոների եւ կրիտիկականորեն կարեւոր հումքի վերաբերյալ հնարավոր գործարքը, որպեսզի թույլ տան ԵՄ-ին հավակնել արտոնությունների նախագահ Ջո Բայդենի «կանաչ» ներդրումների նոր պլանում, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գնաճի իջեցման մասին օրենքը, որը նախատեսում է նոր ծախսեր եւ հարկային արտոնություններ տասը տարվա ընթացքում, մոտ 500 մլրդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ում արտադրության եւ սպասարկումների զարգացման համար, առաջարկում է  որոշակի բացառություններ այն երկրների համար, որոնք համաձայնագրեր կկնքեն ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին։ Աղբյուրների խոսքով՝ կարեւոր նյութերի վերաբերյալ գործարքը, որոնք օգտագործվում են էլեկտրամեքենաների եւ մարտկոցների համար, կարող է ԵՄ-ին այդ առավելություններից որոշների հասանելիություն ապահովել։

Օրենքի՝ ամերիկյան արդյունաբերությունը խթանելու շեշտադրումը զայրացրել է Ասիայի եւ Եվրոպայի առեւտրային գործընկերներին, քանի որ այն նրանց դուրս է մղել ԱՄՆ շուկայից, հատկապես ավտոմեքենաների շուկայից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցած տարեվերջին  հասկացրել էր, որ որոշ օգուտներ կարող են ստանալ այն երկրները, որոնք առեւտրային համաձայնագրեր կկնքեն Վաշինգտոնի հետ, որոնք ԵՄ-ն դեռ չունի։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ խնդիրը կարող է լուծվել նոր գործարքների օգնությամբ՝ կապված օգտակար հանածոների հետ։

«Գուցե ինչ-որ համաձայնագիր լինի, որը վերաբերի օգտակար հանածոների, կարեւոր հանքանյութերի վաճառքին եւ այլն»,- ասել է Յելենը Wall Street Journal-ին։ «Եթե երկրները համաձայնեին դրան, ապա նման մի ինչ-որ բան ապագայում կարող է որակվել որպես ազատ առեւտրի գոտի։ Մենք մտածում ենք այդ մասին»։

ԱՄՆ նոր օրենսդրությունն առաջարկում է սպառողներին հարկային արտոնություն մինչեւ 7 500 դոլար էլեկտրամեքենաների համար, որոնք հավաքվել են Հյուսիսային Ամերիկայում, պայմանով, որ դրանց կուտակիչների հումքն արդյունահանվի կամ վերամշակվի ԱՄՆ-ում կամ այն երկրներում, որոնց հետ կնքվել է համաձայնագիր ազատ առեւտրի մասին, եւ կազմի 40 տոկոսից ոչ պակաս։ Սա նշանակում է, որ ԱՄՆ որոշ գործընկերներ, ինչպիսին են Կանադան եւ Մեքսիկան, կարող են համապատասխանել օրենքի պահանջներին, այն դեպքում, երբ օտարերկրյա այլ ավտոարտադրողները՝ ոչ։

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ քննարկումները վաղ փուլում են։

Աղբյուրների խոսքով՝ օգտակար հանածոների եւ հումքի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր, որն ընդհանուր առմամբ ուղղված կլինի Չինաստանից կախման նվազմանը, կարող է ներառել նաեւ այլ երկրներ, այդ թվում պոտենցիալ առումով՝ Ինդոնեզիան եւ Արգենտինան։ Բայդենի վարչակազմը դիտարկում է նաեւ այն հարցը, թե արժե արդյոք Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը՝ ԱՄՆ-ի ղեկավարության ներքո, որը ներառում է Ճապոնիան եւ Հարավային Կորեան, համարել համաձայնագիր, որը թույլ կտա մասնակից երկրներին շահ ունենալ նոր օրենքից։

ԱՄՆ-ն, հավանաբար, կցանկանա կենտրոնանալ միայն կարեւոր հանքանյութերի արդյունահանման եւ վերամշակման վրա, որոնք օգտագործվում են տրանսպորտային միջոցներում, այն դեպքում, երբ ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի ցանկացած համաձայնագիր ներառի նաեւ վերամշակված նյութերը։

ԵՄ-ի որոշ ղեկավարներ հավաստիացնում են, որ Գնաճի իջեցման մասին օրենքն անարդարացիորեն սուբսիդավորում է ամերիկյան ընկերություններին եւ չի համապատասխանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Ավելի վաղ, այս ամիս, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Կրոոն ԱՄՆ-ին մեղադրել էր Ատլանտիկայի միջոցով «կանաչ» արդյունաբերություն կիրառելու փորձի մեջ։