Հունվարի 23-ին Երեւանում հետիոտնին մահվան ելքով վրաեթրի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած 29-ամյա տղամարդը մեկ ամսով կալանավորվել է: Նման որոշում է կայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի նստավայրում հունվարի 26-ին:

Shamshayn.com-ի  հաղորդմամբ, դատավոր Աննա Դանիբեկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Արմեն Հ-ն, ով կասկածվում է հունվարի 23-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու մեջ, 1 ամսով կալանավորվել է։

Վերջինս դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Ավելի վաղ NEWSam-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը մեքենայով հեռացել էր դեպքի վայրից։

Ոստիկանները դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել էր դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության. նա եղել էր ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չէր ունեցել։

Երևանում 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու փախել. վերջինս տեղում մահացել է