Լավ է, որ ԵՄ առաքելությունն ուղարկվել է Հայաստան, մի բարդ տարածք, որտեղ հակամարտություն է եւ պատերազմը կարող է վերսկսվել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանիայից ժամանած քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Նրա խոսքով, այժմ կլինեն անկախ դիտորդներ, այնտեղ կլինի ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Եվրոպան, որը հստակ կհետեւի այդ գործընթացին։ Սա հնարավորություն կտա ամրապնդել հակամարտության խաղաղ կարգավորումը։

Միաժամանակ նա մատնանշել է, որ Եվրամիությունը ուժ չունի Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

«Երկրորդ, ԵՄ-ն, ինչպես եւ ողջ Արեւմուտքը, այժմ 100%-ով կենտրոնացած է Ուկրաինայի եւս մեկ հակամարտության լուծման վրա։

Բոլոր այն ռեսուրսները, որոնք կան Արեւմուտքում, հիմա նետված են այնտեղ։ Ռուսաստանի դեմ զենք է մատակարարվում, տանկեր, մարդասիրական օգնություն Ուկրաինային, ուկրաինական տնտեսությունը վերականգնվում է արեւմտյան վարկերով, կան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական շահերը՝ Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելու Եվրոպայից։ Սակայն Եվրամիությունը չունի քաղաքական կամք, ուժ եւ շահագրգռվածություն Հարավային Կովկասում, բացառությամբ խորհրդանշական առաքելություն ստեղծելու ցանկությանը, ինչը նույնպես վատ չէ», - ընդգծել է Ալեքսանդր Ռարը։

Նա նշել է, որ տարածաշրջանը շատ պայթյունավտանգ է, վստահեցնելով, որ Եվրոպան շահագրգռված չէ պատերազմի հեռանկարով։

«Բայց ի՞նչ կարող է անել Եվրոպան։ Իհարկե, Ռուսաստանը գերիշխում է տարածաշրջանում, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է եւ հակառակը։ Բացի այդ, տարածաշրջանում՝ Թուրքիայում, սկսել են բոլորովին այլ խաղացողներ հանդես գալ։ Ադրբեջանն այսօր Թուրքիան է։ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, քանի որ Թուրքիան չի աջակցում պատժամիջոցներին, այն դառնում է Ռուսաստանի կենտրոնը Եվրոպայի հետ տնտեսական հարաբերություններում։ Ուստի Ռուսաստանը չի ցանկանում կոնֆլիկտ ունենալ Թուրքիայի հետ, հետեւաբար նաեւ այլ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ, որը Ռուսաստանի ռազմական դաշնակիցը չէ այս աշխարհաքաղաքական իրավիճակում», - նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ 20 տարի առաջ ԵՄ-ն մեծ ծրագրեր ուներ՝ մեծ միջանցքներ կառուցելու վերաբերյալ, որոնք կանցնեին Հարավային Կովկասով դեպի Չինաստան․ դա նոր Մետաքսի ճանապարհը պիտի լիներ, որը ԵՄ-ն կստեղծեր, նույնիսկ գումար էր հատկացվում այս ամենի իրականացման համար։ Եվրոպան ցանկանում էր իրականացնել Արեւելաեվրոպական գործընկերության գաղափարը, որտեղ ցանկանում էր ներառել Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը եւ այդպիսով օգտագործել Հարավային Կովկասով անցնող նոր տարանցիկ տրանսպորտային ուղիները՝ հետխորհրդային տարածքը Եվրամիությանը մոտեցնելու համար։

«Այդ գաղափարները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ սկսվեց աշխարհաքաղաքական առճակատումը Ռուսաստանի հետ։ Բայց հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ի ռազմավարությունը նախ եւ առաջ ժողովրդավարություն բերելն էր այս տարածաշրջան: Եթե ​​Արեւմուտքը առնվազն հինգ տարի առաջ Հարավային Կովկասի համար յուրօրինակ «Մարշալի պլան» մշակեր, ապա այս դեպքում շատ լավ կլիներ խաղաղապահությամբ զբաղվել, նոր ենթակառուցվածքներ կառուցել եւ ուժեղացնել արեւմտյան ազդեցությունը։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ չկա քաղաքական կամք, ռազմավարական շահ եւ ուժեր, քանի որ այս տարածաշրջանում գերիշխում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ, կարծում եմ, շուտով նաեւ Չինաստանը՝ իր Մետաքսի ճանապարհով», - հավելել է Ռարը։