Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառ է դարձել փախուստի դիմած կինը:

Mehr-ի հաղորդմամբ՝ Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ կասկածյալի պնդմամբ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ տուն չի վերադարձել:

Տղամարդը բազմիցս այցելել է դեսպանատուն, սակայն որեւէ պատասխան չի ստացել այն մասին, թե որտեղ է իր կինը եւ կարծել է, թե կինը թաքնվում է Թեհրանում եւ չի ցանկանում հանդիպել իրեն:

«Այսօր առավոտյան ես որոշեցի գնալ դեսպանատուն արդեն պատրաստված Կալաշնիկի ինքնաձիգով»,- ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա իր հարձակման շարժառիթը անձնական է։

Ավելի վաղ Թեհրանի ոստիկանության պետը հայտնել էր, որ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է:

Նրա խոսքով՝ տղամարդը դեսպանատուն էր մտել իր երկու երեխաների հետ:

«Այսօր առավոտյան այդ մարդը հրազենով (ԱԿ-47) մտել էր Ադրբեջանի դեսպանատուն: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Նա նաեւ նշել է, որ նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրներն են։