Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, Բաքուն չի կարծում, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ «Մենք դատապարտում ենք այս հարձակումը եւ պահանջում ենք, որ Իրանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։ Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ իրականացվող հակաադրբեջանական արշավի առնչությամբ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվում, ինչը կարող է խթան հանդիսանալ այսօրվա հարձակման համար։ Ադրբեջանը միշտ կողմ է եղել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններին, սակայն նման սադրանքները բացասաբար են ազդում»,- ասել է  նա։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է  իրականացվել: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրներն են։