Եթե Արեւմուտքն իսկապես լրջորեն հետեւեր ԵԱՀԿ սկզբունքներին, ԵԱՀԿ բոլոր պետությունների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների տարածքում խաղաղ գոյակցության սկզբունքների ստեղծմանը, ապա պետք է հետեւեր նաեւ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անձեռնմխելիության ապահովման, նրանց պաշտպանության անհրաժեշտության դիրքորոշմանը։ Այս մասին NEWS.аm-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

«Բայց Արեւմուտքն այլ նպատակներ ունի, որոնք հակասում են դրան։ Խոսքը Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու եւ Իրանին մեկուսացնելու մասին է։ Եվրոպացիների համար ավելի կարեւոր է Եվրոպայում եւ Իրանում ռուսական ազդեցությանը դիմակայելը, քան հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Բացի այդ, Եվրոպան բաց է թողել Հարավային Կովկասում հետագա ընդլայնման համար տնտեսական նախադրյալներ ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաեւ այդ առումով զիջում Է Չինաստանին։ ԵՄ-ն փող չունի։ Իսկ ահա Ադրբեջանից է կախված Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը դառնում է ԵՄ ռազմավարական գործընկերը՝ չնայած վերջին տարիներին Բաքվի հասցեին հնչող բոլոր քննադատություններին»,-նշեց քաղաքագետը։

Նա պարզաբանեց, որ Արեւմուտքում լռում են, քանի որ չեն ուզում նեղացնել Ադրբեջանին, նրա կարիքն ունեն որպես էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերոջ։ Եվրոպային էներգետիկ կայունություն է պետք, Ադրբեջանը դա կարող է ապահովել Թուրքիայի հետ միասին։

«Այդ պատճառով Հայաստանը պետք է ինտեգրվի Ռուսաստանի եւ Իրանի նոր միությանը կամ էլ փորձի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Նման փորձեր արդեն արվել են Հայաստանում, թեեւ բարոյա-պատմական տեսանկյունից դա շատ դժվար է։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան ինքն է հեռանում Արեւմուտքից եւ ավելի շատ նայում դեպի եվրասիական տարածք եւ ցանկանում է դառնալ աշխարհի նոր, բազմաբեւեռ համակարգի բեւեռներից մեկը, եվրասիական խաղացող՝ հասկանալով, որ իրեն երբեք չեն ընդունի Եվրամիությունում։ Միաժամանակ Անկարան մնում է ՆԱՏՕ-ում, նրան դեռ ձեռնտու չէ դուրս գալ դաշինքից եւ սկսել սեփական խաղը»,-նշեց Ռարը։

Փորձագետը նախազգուշացրեց, որ Թուրքիայում ազգայնական ուժերի ամրապնդման դեպքում հնարավոր կլինի տեսնել այլ միտումներ, որոնք կարելի է բնութագրել որպես Օսմանյան կայսրության ազդեցությունը վերստեղծելու փորձ: «Շատ երկրների, առավել եւս Հայաստանի համար դա աղետ է»,-փաստեց նա։