Առավոտյան ժամը 11-ի սահմաններում շտապօգնության ծառայությունը կանչ է ստացել, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտների կողմից ինչ-որ գազ է օգտագործվել, որի հետեւանքով վատ ինքնազգացողություն ունեցող երեխաներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հրազդան» ԲԿ-ի փոխնօրեն Արա Սիմոնյանը:

Նրա խոսքովմ, մինչ այս պահը 40 երեխա են ընդունել, բոլորն էլ տուն են արդեն գնացել. «Ընդհանուր առմամբ, բոլորի վիճակը եղել է բավարար, կոպիտ ինտոքսիկացիայով տուժողներ չենք ունեցել, բոլորի մոտ թեթեւ աստիօճանի վերին շնչուղիների  ախտահարումներ են եղել: Ստացիոնար բուժօգնության կարիք ունեցողներ չեն եղել, բոլորն ստացել են բուժօգնություն, խորհրդատվություններ եւ տուն են գնացել: Հիմնականում գանգատվել են կոկորդի ցավերից, դժվարացած շնչառությունից, աչքերում  ծակոցներից: Բոլորը տուն են գնացել, բայց տներից շտապօգնության կանչեր ենք ստանում, կամ տեղում զննություն են անցկացնում, կամ եթե ցանկություն են հայտնում, ապահովության համար երեխաներին բերում են հիվանդանոց»,-ասաց նա:

Բժիշկը նաեւ հավելեց, որ մասնագետները, որ տեղում աշխատել են, ասել են, որ անվտանգ գազ է եղել, ոչ մեկի կյանքին վտանգ սպառնալ չէի կարող. «Ուղղակի քանի որ գործ ունենք 9-14 տարեկան երեխաների հետ, մենք շախատել ենք կանխել բոլոր բարդությունները, որեւէ խնդիր ունեցող երեխա չի եղել»,-ընդգծեց փոխտնօրենը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):