Հայաստան ԵՄ-ի առաքելություն ուղարկելու կապակցությամբ Ռուսաստանն աննախադեպ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, սա նախազգուշացում է եւ այնպիսի տպավորություն է, որ վերջին նախազգուշացումն է:  Այս մասին հունվարի 27-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ Մոսկվայի այդ հայտարարությանն արձագանքեց Պետդեպարտամենտը, հայտարարելով, որ ԱՄՆ-ն կապ չունի խաղաղապահների հետ, սակայն մյուս հարցերի առնչությամբ պատրաստվում է մասնակցություն ունենալ:

Նրա գնահատմամբ՝ սա խոսում է  այն մասին, որ ԱՄՆ-ն ընդունել է Ռուսաստանի մարտահրավերը:

«Հայաստանի տարածքն ուղղակիորեն դառնում է աշխարհաքաղաքական բախումների դաշտ: Հայաստանի իշխանությունները հետզհետե երկիրը վերածեցին Սիրիայի:Շատ բան արդեն կարող է մեզանից կախված չլինել: Հայաստանի տարածքում բառացիորեն կարող են մարտեր անցկացվել», – ընդգծեց նա:

Փորձագետը հիշեցրեց նաեւ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը՝ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ անվանելով։

«Դա Հայաստանին մոտ է, եւ կարծում եմ, որ ուղղակիորեն կապված է մեզ հետ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։