Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան բնականոն աշխատանքն ապահովելու համար, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ուրբաթ օրը քննարկել են Ադրբեջանի դեսպանատան վրա մահաբեր հարձակման հետ կապված տարբեր հարցեր, այդ թվում՝ զինված հարձակվողի դրդապատճառներն ու նպատակները:

Ապացույցների եւ նախնական դիտարկումների հիման վրա նրանք եզրակացրել են, որ հարձակման շարժառիթը «ամբողջովին անձնական է»։

Բացի այդ, ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցներ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան եւ դիվանագետների բնականոն գործունեությունն ապահովելու համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 27-ի առավոտյան տղամարդը մտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ կրակ բացել՝ սպանելով մեկ եւ վիրավորելով երկու մարդու: