Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։