ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

ԿԳՄՆՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հաղթող մասնակցին (կազմակերպություն) անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Դրամական հատկացման բյուջեն կազմում է 23 մլն 582 հազար 400  ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:

Ճամբարի նպատակն է նպաստել երեխաների հոգևոր-բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, աշխատանքային և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը՝ հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները և նախասիրությունները:

Դպրոցական ամառային ճամբարի առաջին և երկրորդ հերթափոխները կկազմակերպվեն 2023 թվականի հուլիս, օգոստոս ամիսներին:

Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են՝ ունենալ համանման (կրթության ոլորտում մրցութային ծրագրերի կազմակերպում ու անցկացում) միջոցառումների իրականացման փորձառություն, վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցահասակ երեխաների 2 ծրագրի ամառային  հանգստի կազմակերպում ու անցկացում, փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերի, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն), նյութատեխնիկական համապատասխան միջոցներով ապահովվածություն՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու համար:

Միջճամբարային միջոցառումներ իրականացնելու նպատակով ճամբարների՝   միմյանցից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորությամբ գտնվելու փաստը կդիտարկվի որպես առավելություն:

Սույն  մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարակված է www.minfin.am կայքում:

Մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,

ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային  մրցույթի անցկացման  համապատասխան, որն իր մեջ պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,

հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,

հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին Հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,

ճամբարի գտնվելու վայրը,

հայտատու կազմակերպության կողմից վերջին  5 տարում  նվազագույնը  50  դպրոցահասակ երեխաների 2 ծրագրի ամառային  հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերից, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն),

տեղեկատվություն  կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հանգիստը կազմակերպելու հնարավորության մասին,

միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`

հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.

համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող սույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջը չպահպանելու դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի  միջոցով՝ մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 20-րդ օրվա ժամը 12:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 20-րդ օրը՝ փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին։

Հավելենք, որ դպրոցականների ամառային հանգստի ապահովման պետական ընդհանուր ծրագրի դրամաշնորհային մրցույթները կազմակերպվել են մի քանի չափաբաժիններով և նախատեսված են 7-13 տարեկան  3200 շահառու երեխաների համար: Վերը նշված դրամաշնորհի մրցույթը նախկինում չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով: