««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունվարի 27-ին հրավիրված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Արամ Մեյմարյանը նշել է, որ ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստում են մշակել, սակայն լիազորող նորմերը բացակայում են:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենքների ընդունմամբ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի և բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: