Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում և այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին և նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:

Վաչե Տերտերյանը նշել է, որ հատկապես քաղաքի որոշակի հատվածներում այդպիսի գործունեության արդյունքում մթնոլորտ ու ճաշակ են ձևավորվում: Ուստի առաջարկվում է, որ Երևանում և համայնքներում այսուհետև այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ և վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները և այլն: «Մինչև ուշ գիշեր ականատես ենք լինում անհասկանալի տպավորություն ձևավորող բաների, էլ չասած՝ տեսքի ու ճաշակի»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնության նպատակը բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեություն ծավալողների սահմանափակումները չեն, այլ՝ խնդրի կանոնակարգումը: Այդ նպատակով ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նիստը կայացել է հունվարի 27-ին: