Մի դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախի խնդիրների կարգավորման հետ, մյուս դեպքում միջազգային դիտորդներ ու փաստահավաք խումբ է ուղղորդում դեպի Լաչինի միջանցք. Այստեղ ակնհայտ հակասություն կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը:

«Որպես ՀՀ քաղաքացի, ինքս չափից ավելի շահագրգռված եմ, որ Ադրբեջանի սանձարձակությունները դադարեն եւ Լաչինի միջանցքի բացման հարցը մեկ վայրկյան շուտ կարգավորվի, սակայն մենք բոլորս գիտակցում ենք, եւ վարչապետն էլ հայտարարել է, որ դա Ռուսաստանի գործառույթներում է: Ինքս հայտարարել եմ, որ առկա է բացահայտ հակասություն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լաչինի միջանցքի հարցում: Թե ԵՄ դիտորդները իրենց առաքելությունից հետո ինչ պետք է անեն, ես պատկերացում չունեմ: Իմ կարծիքով, իրենք ոչ մի լիազորություն կամ իրավասություն չունեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ ռուս սահմանապահներն ու խաղաղապահները կարձագանքեն Հայաստանում ԵՄ դիտորդների հայտնվելուն՝ վերլուծելով իրավիճակը տեղում, Թարվերդյանն ասաց. «Ես չգիտեմ՝ դա ՌԴ կողմից նախազգուշացում է, թե ոչ: Դա երեւի ԱԳՆ-ն պետք է դիվանագիտական խողովակներով ճշտի ու արագ արձագանքի: Ես մի քիչ չեմ պատկերացնում ԵՄ դիտորդները ինչ առաքելություն են ունենալու Հայաստանում եւ ինչպես են, օրինակ, սահմանամերձ գոտի մուտք գործելու, երբ գիտենք, որ ՀՀ սահմանները հարցը կարգավորում է Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը:

Ես նաեւ չեմ հասկանում, թե ԵՄ դիտորդական առաքելության գործառույթը որն է»:

Նա նկատեց, որ ԵՄ-ն ռազմաքաղաքական կառույց չէ, տնտեսական կառույց է. «Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչ պետք է անի տնտեսական կառույցի առաքելությունը Հայաստանում ռազմական առումով: Ես ավելի շատ կողջունեի, եթե ԵՄ երկրներից, օրինակ, մեր բարեկամ Ֆրանսիան կամ այլ պետություն, Հայաստանի հետ ուղիղ համագործակցության պայմանագիր կամ պայմանավորվածություն ձեռք բերեր եւ Հայաստանին ռազմաքաղաքական առումով աջակցեր: Այստեղ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է այնքան խելացի լիներ, որ նրանց առաջարկած օգնությունը համադրեր ՌԴ-ի հետ գործող պայմանագրերի դրույթների հետ, որպեսզի հակասություն չառաջանար: Ցավոք, այս դեպքում մենք հակասությունների դաշտ ենք բերում խնդիրները, ոչ թե համադրությունների»,-ընդգծեց Թարվերդյանը:

Նա նաեւ հավելեց, որ եթե ՀՀ իշխանությունները չեն ուզում այլեւս համագործակցել Ռուսաստանի հետ, թող հստակ հայտարարեն այդ մասին. «Բայց ես չեմ պատկերացնում, թե ոնց են իշխանությունները այս փուլում ռիսկ անում մեծ սկզբունքային փոփոխություններ անել:

ԵՄ-ին այստեղ հետաքրքրում է իր ազդեցության մեծացումը, բացի այդ, նրանք ցանկանում են Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից նաեւ դեպի մեր տարածաշրջան: Դա իրենց շահերից է բխում»,-ասաց նա: